Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից տուժած Հակոբյանների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պնդում է, որ դիմել է «Ռեսո» ապահովագրական ընկերություն, պատասխան ստացել, որ տուժող Տաթեւիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը ենթակա չեն հատուցման, այնինչ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը վստահեցնում է, որ իրենց ընկերության կողմից նման որոշում չի կայացվել:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 21-ին, Հակոբյանների կողմից Վարդան Պետրոսյանին ներկայացված՝ 3 մլն 400 հազար դրամի քաղհայցի քննությունը հետաձգվեց, որպեսզի կողմերը պարզաբանեն, թե ինչ դիմում է Ռուբեն Բալոյանը ներկայացրել ընկերությանը եւ ինչ պատասխան է ստացել:

Դատական նիստի ժամանակ ապահովագրական ընկերության ներկայացուցիչ Տիգրան Մուղդուսյանը նշեց, որ 1 միլիոն 200 հազար դրամի չափով փոխհատուցում իրենք արդեն տվել են եւ չեն հրաժարվում հետագա փոխատուցումից: Նա ասաց, որ իրենց կողմից հրաժարվելու մասին ոչ մի որոշում չի եղել, այն պետք է կայացվեր համապատասխան ընթացակարգով, ներկայացված դիմումի հիման վրա:

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Ռուբեն Բալոյանը դիմումի փոխարեն ընդհանուր հարցում է ներկայացրել ընկերությանը եւ ստացել պատասխան, որ մի դեպքում փոխհատուցվում է, մեկ այլ դեպքում՝ ոչ: Նա նշեց նաեւ, որ անգամ պայմանագիր կա, որով Վարդան Պետրոսյանը պարտավորվում է վճարել Տաթեւիկ Հակոբյանի հետագա բուժման ծախսերը եւ կարիք չկար այս հարցը վեճի առարկա դարձնել, հայցով դիմել դատարան:

«Վարդան Պետրոսյանն ասել է՝ եթե Հակոբյանները դիմեն ապահովագրական ընկերություն եւ փոխհատուցում ստանան ծախսերի միայն մի մասի համար, ինքը պատրաստ է վճարել մյուս մասը: Ուզում են պարզապես տպավորություն ստեղծել, թե Վարդան Պետրոսյանը չի ցանկանում վճարել բուժման ծախսերը»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ իրենք դիմել են «Կարմիր խաչին», տեղեկացել, որ Տաթեւիկ Հակոբյանի բուժման ծախսերը չեն գերազանցի 1 միլիոն դրամը, այնինչ Ռուբեն Բալոյանը 8 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել:

Նշենք, որ Ռուբեն Բալոյանը միջնորդել էր, որ դատական նիստը դռնփակ անցկացվի: Նա պատճառաբանել էր, որ իրենց հայցադիմումում կան Տաթեւիկ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթեր եւ իրենք չեն ցանկանում դրանք դառնան հանրության քննարկման առարկա, քանի որ Տաթեւիկին «հոգեկան տառապանք եւ անհարմարություն» են պատճառում: Նիկոլայ Բաղդասարյանը առարկել էր միջնորդությանը՝ պնդելով, որ բուժման ծախսերի մասվ հյացը պետք է կարճվի, այդ մասով կողմերի մեջ վեճ չկա:

Միջնորդության վերաբեյալ որոշումը կլինի հաջորդ դատական նիստին:

Նշենք, որ Հակոբյանները քաղհայց են ներկայացրել, որով 3 մլն 400 հազար դրամի չափով գումար են պահանջում որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում՝ գործով տուժող Տաթեւիկ Հակոբյանի բուժման եւ փաստաբանի վարձավճարի համար։ Բուժման ծախսը կազմում է 663 ազար 213 դրամ:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանն այժմ պատիժը կկրի բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալու ՔԿՀ–ից եւ մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք է ունենալու, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով: