«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին ստիպելու է գործող ռեժիմին նահանջել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ճակատի ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ճակատի Քաղաքական խորհրդի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Մենք չենք հավաքվելու, ցույց անելու եւ տուն գնալու: Մենք գալու ենք եւ ստիպելու ենք ռեժիմին նահանջել: Երբ ժողովուրդը բարկանում է, սկսում է քվեարկել ոտքերով, թող զգուշանան հիմիկվանից: Կոչ ենք անում ժողովրդին մարտնչել, դիմանալ այս ռեժիմի բռնություններին»,- ասաց Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ իրական փոփոխությունների հնարավոր է հասնել միայն իշխանափոխության միջոցով, իսկ դա պետք է անել ժողովրդին մոբիլիզացնելու շնորհիվ:
«Մոբիլիզացման պայմաններում մենք ունենք դժվարություններ, որոնցից երկուսին եմ ցանկանում անդրադառնալ. ժողովուրդը պատրաստ չէ երկարաշունչ պայքարի այս ռեժիմի դեմ, ժողովուրդը պատրաստ է պոռթկալու, պատժելու, բայց ոչ երկարաշունչ պայքարի, երկրորդ՝ քաղաքական օրակարգով դժվարանում է փողոց դուրս գալ: Մենք գիտենք այս երկու դժվարությունների մասին, եւ պետք է համապատասխան մարտավարությամբ շրջանցենք այդ խնդիրները»,- ավելացրեց Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պաշտոնապես ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին: Նրանք հայտարարում են, որ մինչեւ դեկտեմբերի վեցը իշխանափոխություն են անելու: Ճակատին են միացել «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Քաղաքագետների միությունը, «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը:




























