47–ամյա որդու սպանության մեջ մեղադրվող 75-ամյա Կարապետ Ոսկանյանը պնդում է, որ իր որդուն սպանել է ոչ թե ինքը, այլ ուրիշը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արթուր Ալիխանյանը՝ նշելով, որ այս մասին իր պաշտպանյալն ասել է այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին:
«Պաշտպանյալս իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, նա պնդում է , որ իր որդուն ուրիշներն են սպանել: Դեպքից նա ոչինչ չի հիշում, քանի որ գիտակցությունը կորցրել է, իսկ երբ գիտակցության է եկել, որդուն սպանված է տեսել»,-ասաց փաստաբանը:
Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմանում, իրեն պատկանող ավտոտնակում տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է որդու` Գերման Ոսկանյանի հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր եւ բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել Գերման Ոսկանյանի գլխին եւ գանգուղեղային բազմակի բաց բութ եւ կոտրած վնասվածքներ պատճառելով` սպանել է նրան:
Կարապետ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 104 հոդվածի 1 մասով` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Կարապետ Ոսկանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում` պնդելով, որ դիտավորությամբ չի սպանել որդուն, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:





























