Ավան վարչական շրջանի Դ․Վարուժան թաղամասի թիվ 6 հասցեում գտնվող ջերմամեկուսացված բազմաբնակարան շենքում կիսով չափ կրճատվել է բնակարանների ջեռուցման ամսավճարը:

Նենք, որ Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում նախորդ տարի հիշյալ շենքում իրականացվել էին էներգախնայողության բարձրացման միջոցառումներ:  Ջերմաարդիականացված առաջին շենքում կատարված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին: Շենքի  բակում կազմակերպված բացօթյա քննարկմանը մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն եւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը: Տեղեկացվել է, որ շենքի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով դրա բարձր սեյսմակայունությունը, այստեղ գործող կենտրոնացված ջեռուցման համակարգը, ինչը թույլ է տվել առավել հիմնավոր պատկերացում ունենալ, թե որքան արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը:

Աշխատանքները ներառել են շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանահարթակներում դռների եւ պատուհանների փոխարինում, տանիքի ջրամեկուսացում եւ  շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում։  Շենքի բնակիչները փաստել են, որ գործնականում արդեն համոզվել են ծրագրի արդյունավետության մեջ` նախկինի համեմատ  ավելի քան կիսով չափ կրճատելով բնակարանների ջեռուցման ամսավճարը:  Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Եվրոպական ներդրումային բանկը քննարկում են ինչպես բազմաբնակարան շենքերում, այնպես էլ համայնքային ենթակայության հանրային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա ծրագրերը: