Նիդեռլանդները փախստականների համար արաբերեն կթարգմանի երկրի Սահմանադրությունը: Այս մասին հայտնել է Ներքին գործերի ու թագավորության գործերի նախարար Ռոնալդ Պլաստերկը:
«Այդ մարդիկ գալիս են իրենց համար բոլորովին անծանոթ երկիր: Կարծում եմ, որ մայրենի լեզվով տեղեկությունները հասարակությունում գործող բազային կանոնների մասին, օգտակար կլինեն նրանց համար: Մեր սահմանադրությունը, օրինակ նախատեսում է տղամարդկանց ու կանանց իրավահավասարություն եւ խոսքի ազատություն: Մեր երկրում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդիկ կարող են ապրել կողք կողքի ու յուրաքանչյուրը կարող է ազատ դավանել իր կրոնը»,-շեշտել է նախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սահմանադրության արաբերեն թարգմանված առաջին գլուխը, որը նկարագրում է մարդու հիմնարար իրավունքները, արդեն գալիք շաբաթ կուղարկվի քաղաքապետարաններին: Ամբողջ սահմանադրության թարգմանության աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ նոյեմբերի սկիզբ:
Սահմանադրության արաբերեն տարբերակը հասանելի կլինի թվային տարբերակով, որպեսզի քաղաքապետարանները կարողանան այն տեղադրել իրենց կայքերում, նաեւ տպել դրանց պատճեները՝ փախստականների շրջանում տարածելու համար:
Արաբերենը կդառնա չորրորդ լեզուն, որով պաշտոնապես թարգմանվել է Նիդեռլանդների սահմանադրությունը: Նիդեռլանդների մայր օրենքն արդեն թարգմանված է անգլերեն, ֆրանսերեն ու իսպաներեն:




























