Հայաստան-Եվրամիություն նոր բանակցությունների արդյունքում ծնվող փաստաթղթում կարող են ներառված լինել բոլոր այն 28 ոլորտները, որոնք եղել են Ասոցացման համաձայնագրում: Այս մասին «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով, որեւէ ոլորտ ենթակա չէ դուրս մղման, սակայն որոշ ոլորտներում որոշ ձեւակերպումների պետք է վերանայվեն:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված, բանակցվող փաստաթղթից հանվել են որոշ հարցեր: «Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն եւ լայն պահել համագործակցության եւ՛ ոլորտները, եւ՛ ձեւաչափը, բայց ուշադիր լինել, որ այնպիսի ոլորտներ, ձեւաչափ կամ պատասխանատվություն չլինի, որոնք կհակասեն Հայաստանի` այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրին, որը նույնպես պիտի ստորագրվեր Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ, էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ նոր փաստաթղթում հիշյալ պայմանագրի տարիֆային գլուխը հնարավոր չի լինի ներառել, սակայն մնացած բաժինները կարող է ներառվել: