Երեւանի ավագանին իր հերթական նիստում որոշում է կայացնելու Արգիշտի փողոցի եւ Հաղթանակի կամրջի հատման հատվածից սկիզբ առնող ու դեպի Կաշեգործների փողոց տանող մոտ 700 մ երկարությամբ ճանապարհահատվածը Ոսկերիչների փողոց անվանակոչելու վերաբերյալ: Որոշման նախագիծը ընդգրկված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 28-ի նիստում:

Որպես հիմնավորում բերվում է այն, որ 2014 թվականի փետրվարի 27-ին ՀՀ կառավարության հ.231 որոշմամբ, ոսկերչական Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն:

Այս ընկերությունը նախատեսում է համակարգել ոսկեգործական, ադամանդագործական եւ ժամագործական ուղղվածության ձեռնարկությունների գործունեությունը։ Տարածքում ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման, նախատեսվող ծառայությունների մատուցման, ներդրումների ապահովման համար կազմակերպիչներին անհրաժեշտ է ունենալ դեպի տարածք եկող բարեկարգ եւ ճանաչելի փողոց։

Փաստացի Ազատ տնտեսական գոտու տարածք մեքենաները մուտք են գործում Արգիշտի փողոցի եւ Հաղթանակի կամրջի հատման հատվածից սկիզբ առնող մոտ 700 մ երկարությամբ անանուն ճանապարհով։ Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է Ազատ տնտեսական գոտու տարածք եկող ճանապարհահատվածն անվանակոչել Ոսկերիչների փողոց։

Իսկ Երեւան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցը կանվանակոչվի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անվամբ: