Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի փոփոխությունն առնչություն չունի դեկտեմբերի 6–ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ։ Այս մասին NEWS.am–ին ասաց վարչության նորանշանակ պետ Մնացական Բիչախչյանը:
«Կադրային քաղաքականությունը ոստիկանության պետն է իրականացնում, իմ նշանակումը ոստիկանության պետի որոշմամբ է եղել, հանրաքվեն ի՞նչ նշանակություն ունի», - ասաց նա։
Դիտարկմանը, որ ընտրական գործընթացներում առանցքային դերակատարում ունի ոստիկանության հենց այդ վարչությունը, իսկ Բիչախչյանը հաճախ է հանդես եկել նույնականացման քարտերի հետ կապված հարցերի պարզաբանումներով, նորանշանակ պետը պատասխանեց, որ իր ակտիվությունը պայմանավորված է եղել իր աշխատանքի բնույթով։
«Ես որպես վարչության պետի տեղակալ եւ իրավական ուղղվածությունը սպասարկող տեղակալ` համակարգել եմ իրավական բաժինը, բացի դրանից 2011–ից աշխատել եմ ոստիկանության իրավաբանական վարչությունում, քաջատեղյակ եմ եղել օրենսդրական նախագծերին, այդ պատճառով էլ ակտիվ պարզաբանել եմ նախկին ընտրությունների ժամանակ անձնագրերի, նույնականացման քարտերի հետ կապված հարցերը, քաղաքացիներին սպառիչ պատասխանել: Ոչ սա, ոչ էլ հանրաքվեն որեւէ նշանակություն չունի, եւ չեմ կարծում, որ այդ հանգամանքն է նպաստել իմ նշանակվելուն»,– ասաց Բիչախչյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հոկտեմբերի 20–ին աշխատանքից ազատվել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: Սարդարյանին փոխարինելու է նրա տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը: Հիշեցնենք, որ Միշա Սարդարյանը նշանակվել էր 2014թ. հունիսի 12-ին:




























