Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին մասնակցելու նպատակով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ մեկնած «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
ՕԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը Ժոզեֆ Դոլին է ներկայացրել Հայկական Վերածնունդ հասարակական քաղաքական միավորման զարգացման դինամիկան, գործունեության ուղղությունները եւ նպատակները, ինչը մեծ հետաքրքրության է արժանացել: Քննարկվել են ԵԺԿ շրջանակներում գործընկեր քաղաքական ուժերի եւ Հայկական վերածնունդ միավորման միջեւ հնարավոր համագործակցության հարցեր:
ՕԵԿ պատվիրակությունը հաջորդիվ հանդիպում է ունեցել Վիլֆրեդ Մարտենսի անվան Եվրոպական հետազոտությունների կենտրոնի տնօրենի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Երեւանում կազմակերպել միջազգային կոնֆերանս՝ նվիրված կուսակցական շինարարության, բարեփոխումների, քաղաքական նոր տեխնոլոգիաների ներդրման հարցերին:
ՕԵԿ պատվիրակությունը նաեւ հանդիպում է ունեցել Ավստրիայի իշխող կուսակցության (OVP) ղեկավարության, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ղեկավարության եւ Ռոբերտ Շուման ինստիտուտի տնօրեն Գաբոր Բերցզելիի հետ:
Նախատեսված է Արթուր Բաղդասարյանի ելույթը ԵԺԿ քաղաքական ասամբլեայում:
ՕԵԿ պատվիրակության հանդիպումները շարունակվելու են այսօր եւ վաղը:




























