Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մոտ ուժեղանում է այն վախը, որ Արեւմուտքն այնտեղ «գունավոր» հեղափոխություն, «արաբական գարուն» կամ «մայդան» կկազմակերպի։ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ռեժիմին հավատարիմ ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին պաշտոնանկ անելու կապակցությամբ երկրում տիրող ներքաղաքական վիճակին։

Սաֆարյանի խոսքով՝ Ալիեւը շարունակում է «ձգած պահել սանձերը», սահմանափակել քաղաքացիների ազատությունը, կալանավորել ակտիվիստներին։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի մի շարք դեսպաններ եւ դեսպանատան աշխատակիցներ հրաժարվել են վերադառնալ Բաքու։ «Ինչպես երեկ հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ-ն, տարբեր երկրներում, երկիրը ներկայացնող դիվանագետներից բացի, կան նաեւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ եւ մաքսային ոլորտի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ Իլհամ Ալիեւը ակնհայտ դժգոհ է տարբեր երկրներում իր հատուկ ծառայությունների աշխատանքից, քանի որ նրանք նման խայտառակ իրադարձություններ են թույլ տվել։ Ալիեւը դրանում դավադրություն է տեսնում»,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը։

Ալիեւը կարծում է, որ Ազգային անվտանգության նախարարությունը չի աշխատում այնպես, ինչպես հարկն է։ «Ադրբեջանի հատուկ ծառայությունները գաղտնալսում են բացառապես բոլորին։ Ալիեւը դժգոհ է, ոչ թե նրանից, որ  գաղտնալսում են, այլ որ դա շատ լավ չեն անում»,- հավելել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարը։