«Վերնիսաժի» գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանի հայրը մեղմ է  համարում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանի դատավճիռը, որով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 6 տարի 6 ամիս ժակետով ազատազրկման։

 «Էդքան բանից հետո լավ չէր, թող ազատեին, թող հանեին, պարգեւատրում տային:  Դատավորը սապլյակություն արեց, որովետեւ մեշոկներով գումար է վերցրել: Ու բոլորս էլ գիտենք՝ ով  ա դատավորին կաշառել, նա, ով էս գործում կա»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Սամվել Հովհաննիսյանը, որն այսօր` հոկտեմբերի 21–ին վճռի հրաարակումից հետո բարկացած գոռգոռալով լքեց նիստերի դահլիճը։

Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը, ամեն ինչ անելու են՝ արդարության հասնելու համար:

«Գործը վաղվանից քանդելու եմ: Բոլոր իսկական մեղավորները խմբակային դատվելու են: Ես գիտեմ՝ ովքեր են արել, ու կհրապարակեմ իրանց անունները: Բոլորը պատասխան են   տալու, կամ պատերազմ է լինելու»,- ասաց Վալերիկի հայրը:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին Գոռ Առաքելյանին մեղավոր ճանաչեց եւ դատապարտեց 6 տարի 6 ամիս, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման:

Գոռ Առաքելյանի համար դատախազը պահանջել էր 9, Վալերիկ Հովհաննիսյանի համար՝ 2 տարի 6 ամիս, Ներսես Մելքոնյանի համար՝ 2 տարվա  ժամկետով ազատազրկում:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:

Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 10-րդ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 9-րդ, 113 –րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի գործադրմամբ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը):

Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք էր առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն):