Եվրասիական տնտեսական միությունում ապրանքի ծագումը որոշելու ավելի ճկուն կանոններ են անհրաժեշտ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Harmik Motors» հայկական մեքենաշինական ձեռնարկության գլխավոր տնօրեն Հարմիկ Մանասերյանը: Նրա խոսքով, ներկա կանոնների պայմաններում ընկերությունը չի կարող օգտվել Եվրասիական միության առավելություններից:

«Մենք ուրախ կլինեինք Հայաստանում մեզ անհրաժեշտ սարքավորումներ գնել, բայց դրանք այստեղ կա՛մ չեն արտադրվում, կա՛մ ցածրորակ են: Կրկնում եմ, ցավոք: Ամեն դեպքում, մեր ձեռնարկությունը գործում է, աշխատատեղեր են ստեղծվել: Այդ դեպքում, կարծում եմ, թեկուզ առաջին մի քանի տարիներին կարելի է մեր նման ձեռնարկություններին թույլ տալ «Պատրաստված է Հայաստանում» նշումն օգտագործել, որպեսզի մենք Եվրասիական միության շուկաներում ազատ մուտք ունենանք»,- ասաց է Մանասերյանը:

Համեմատության համար նշենք, որ Իրանում (ծնունդով այստեղից է Մանասերյանը - խմբ.) «Iran Khodro» ավտոմոբիլային կոնցեռնը «Պեժո» ավտոմեքենա է արտադրում պահեստամասերի զգալի տեղայնացմամբ: Բայց ոչ միշտ է այդպես եղել:

«Առաջին տարվա ընթացքում նրանք գրեթե ոչինչ ինքնուրույն չէին արտադրում, միայն հավաքում էին: Բայց ժամանակի ընթացքում յուրացրեցին արտադրությունը: Մեզ նույնպես ժամանակ է պետք»,- հավելեց Մանասերյանը: