Հայկական սփյուռքի մանկական կենտրոնները հետաքրքրված են Հայաստանում պատրաստվող խաղալիքներով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Actic toys» ընկերության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը նշեց, որ արդեն խաղալիքների խմբաքանակն են ուղարկել Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի համայնքներին:
Խաղալիքների պատրաստման համար միայն հայկական փայտ է օգտագործվում: Զաքարյանի խոսքով, տեղական է ամեն ինչ՝ բացի ներկերից: Արտադրությունը գերազանցապես ընտանեկան է՝ կողմնակի մի քանի վարպետների օգնությամ: «Ինչ վերաբերում է ներկերին. մենք մատակարարներից առաջին հերթին սերտիֆիկատ ենք պահանջում՝ վնասակար խառնուրդների բացակայության մասին: Նույնկերպ մենք Ստանդարտների ազգային ինստիտուտից անվտանգության սերտիֆիկատ ենք ստացել: Կարծում ենք՝ մանկական ապրանքների համար անվտանգությունը պետք է գլխավոր խնդիրը լինի»,- նշեց նա:
Հարցին, հաջողվո՞ւմ է մրցակցել թուրքական եւ չինական արտադրողների հետ, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Գնային առումով՝ փորձում ենք: Բայց մեր սպառողները ծնողներ են, որոնք իրենց երեխաների անվտանգության մասին մտածում են այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում: Եվ եթե խանութում նրանց բացատրում են անվտանգության տեսանկյունից առավելությունների մասին, ապա գինը նրանց համար դադարում է առաջնային լինել»:



























