Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը փորձում է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնել դատարանի միջոցով․ իր առաջարկությունները լսելի դարձնելու հայցով դիմում է Վարչական դատարան:

«Մեր այլընտրանքային տարբերակը չքննարկելու առիթով հանձնաժողովին պարտադրել կատարել իր պարտականությունները եւ քննության առնել մեր ներկայացրած տարբերակը», - «Ազատության» հետ զրույցում իր պահանջը ներկայացրեց ԱԻՄ առաջնորդը. «Իհարկե, զուգահեռաբար ներկայացվում է մեղադրանք, շեշտվում են մեր նախկինում պատրաստած բոլոր փաստերը եւ նաեւ նախագահի կողմից տրված հանձնարարականն է շեշտվում, որ հրամանագիր ստորագրելիս՝ նախագահը ինչ պարտականություններ է դրել իր ստեղծած կառույցի վրա»,։

 Նախագիծը մշակած մասնագիտական հանձնաժողովն արդեն չի գործում, մշակված փաստաթուղթն էլ նախագահի հրամանագրով դրվել է հանրաքվեի։ ԱԻՄ առաջնորդը, սակայն, վստահ է՝ իրավական հարթությունում ինչ-որ բան փոխել դեռ հնարավոր է։

«Ասեմ գլխավոր խնդիրը՝ մենք այս ամենի արդյունքում շատ մոտ ժամանակում դիմելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ասելով, որ դատական վարույթ է սկսված, հետեւաբար՝ ձեր պարտքն է կասեցնել հանրաքվեն»,- մանրամասնեց Հայրիկյանը:

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող եւ ԱԻՄ-ի հետ միեւնույն՝ «Ոչ»-ի ճակատում ընդգրկված քաղաքական ուժերը Հայրիկյանի այս նախաձեռնությանը չեն միանում։

«Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի կարծիքով Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացը դատարանում վիճարկելն անիմաստ է։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում