Մոսկվայում 9 ավտոմեքենաների որոնման հատուկ գործողություն են սկսել, որոնցով կարող է տեղաշարժվել Կրասնոգորսկում պաշտոնյաների գնդակահարած գործարար Ամիրան Գեորգաձեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով LifeNews-ին:

Իրավապահները հետեւյալ մեքենաներն են փնտրում. Mercedes S500 (սեւ), Mercedes G63 AMG (սեւ), Lexus LX570 (սեւ), Mercedes E63 AMG (ճերմակ), երկու սեւ Ford Focus, Ford Focus (մոխրագույն), Land Rover (սեւ), Audi A6 (սեւ):

Մոսկվայի մարզի իրավապահների տեղեկացմամբ, Գեորգաձեն զրահապատ մեքենա է օգտագործում եւ կարող է թմրանյութերի ազդեցության տակ լինել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին գործարար Ամիրան Գեորգաձեն ներխուժել էր Կրասնոգորսկի վարչակազմի շենք եւ, հետաքննության տվյալներով, գնդակահարել շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Յուրի Կարաուլովին, Կրասնոգորսկի էլցանցերի ղեկավար Գեորգի Կոտլյարենկոյին: Փախուստի դիմելիս Գեորգաձեն նաեւ պատահական ականատեսի է սպանել: Ավելի ուշ գործարարի տանը հայտնաբերել են նաեւ բիզնեսում նրա գործընկերոջ մարմինը:

Կասկածյալի մասին տեղեկության համար 1 մլն ռուբլի պարգեւ են խոստացել: