Հոկտեմբերի 21-ին Երեւանում պաշտոնական ընդունելություն էր կազմակերպվել՝ նվիրված Չեխիայի Հանրապետության անկախության 97-րդ տարեդարձին:

Ընդունելությանը ներկա էին Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փոխնախարարներ Աշոտ Հովակիմյանն ու Շավարշ Քոչարյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Տոնական միջոցառման բացմանը ելույթի ժամանակ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Միկիսկան ընդգծեց, որ իր երկիրը շարունակում է բազմակողմ հարաբերություններ զարգացնել Հայաստանի հետ: «Մենք աստիճանաբար բարելավում ենք նաեւ տնտեսական փոխգործակցությունը՝ նպաստելով կողմերի բիզնես շահերի բավարարմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարգավաճման»,- ընդգծեց չեխ դիվանագետը:

Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հիշեցրեց, որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել դեռեւս 1993 թվականին:

«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Այս մասին է վկայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չեխիա»,- նշեց Շարմազանովը: