«Հայկական ժամանակ» օրաթերթի տարագրության մեջ գտնվող խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում դուրս է գալու ընդհատակից եւ իրեն անպայման կձերբակալեն:

«Բանտ տեղափոխվելու իմ որոշումը ընդամենը նշանակում է, որ ես հայաստանյան վիրտուալ իրականության մեջ իմ անելիքը համարում եմ ավարտված, եւ վերադառնում եմ իրական հայաստանյան կյանք, ինչը հույս ունեմ, իսկապես կավելացնի այն էներգետիկան, որ Համաժողովրդական շարժումը ստացավ քաղբանտարկյալների մեծ մասի ազատ արձակմամբ: Էլի եմ ասում` մեր խնդիրը ամենեւին էլ ազատության մեջ կամ բանտում լինելը չէ, այլ պայքարը, խոստացվածի համաձայն, մինչեւ վերջ շարունակելը, պայքարի մեջ հետեւողական, կամային եւ անձնուրաց լինելը: Ես տեսնում եմ, որ ընդհատակյա պայքարի արդյունավետությունը սկսում է մարել, ինչը նշանակում է եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը»,- ասել է Փաշինյանը: