Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 պաշտպանական համալիրի հնարավոր մատակարարումը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը դավաճանություն չի համարում: Այսօր՝ օգոստոսի 30-ին տեղի ունեցած ասուլիսում նա հայտարարեց, որ մինչ օրս այդ զինատեսակի վաճառքն իրականացնող ռուսական ընկերությունը հանդես չի եկել Ադրբեջանին զենքի վաճառքի մասին պաշտոնական հայտարարությամբ: «Մեր անվտանգության, մեր մարտունակության առումով դա մեզ չի խանգարում: Ռուսաստանը Ադրբեջանին ինչ կվաճառի, ինչ չի վաճառի, դա արդեն մեր խնդիրը չէ: Մենք կարո՞ղ ենք ասել, Ռուսաստան, մի՛ վաճառիր: Մենք չենք կարող մեր ամբողջ արտաքին քաղաքականությունը կառուցել այդ C-300-ի վաճառքի հիման վրա»,-ասաց պատգամավորը: Ասուլիսին ներկա ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն էլ ասաց, որ եթե նույնիսկ իշխող կուսակցությունը ի վիճակի չէ  խոչընդոտել վաճառքին, ապա գոնե պետք է հստակ դիրքորոշում հայտնի այդ խնդրի վերաբերյալ ու հայտարարի, որ ամեն ինչ անելու է զենքի վաճառքը թույլ չտալու համար: «Ցանկացած մարդու տրամաբանական եզրակացությունը պետք է լինի այն, որ Ռուսաստանը չպետք է այս տարածաշրջան նման զենք բերի»,-ասաց Իգիթյանը: Ըստ նրա, ընդդիմությունն ու հասարակությունը եւս պետք է ընդդիմանան եւ «ոչ» ասեն Ադրբեջանին զինելուն:

«Թող տպավորություն չստեղծվի, որ մենք ենք միջնորդել, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառի: Մենք դեմ ենք դրան, մեզ համար դա ցանակալի չէ եւ պարզ է, որ դրա վերաբերյալ դիվանագիտական խողովականերով դեմ գնահատականներ արտահայտվում են»,-արձագանքելով Իգիթյանին՝ ասաց Հովհաննես Սահակյանը: