ՀՀ գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խումբը շարունակում է ճշտել ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների ցուցակները։

Այս անգամ Հանձնաժողովի ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ այցելել են Վայոց Ձորի մարզ եւ հանդիպել անհետ կորածների հարազատների եւ մարզպետ Հարություն Սարգսյանի հետ։

Հանձնաժողովի ներկայացուցիչները լսել են անհետ կորած անձանց հարազատների խնդիրներն ու խնդրանքները։ Տեղում կազմակերպվել է ֆինանսական եւ սոցիալական օգնություն։ Ռազմական բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչները զննել են անհետ կորածների հարազատներին։ Հետագա բուժօգնության կարիք ունեցողներին օգնություն կցուցաբերվի Երեւանում։

Ռազմական բժիշկների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում օգնել անհետ կորածների հարազատներին։ «Շատ դժվար է նորից ու նորից վերապրել հարազատի կորուստը։ Մենք պատրաստ ենք օգնել ինչով որ կարող ենք»,- վստահեցրել է մարզպետը։

Մարզում բնակվում է մեկ կամ ավելի անհետ կորած հարազատ ունեցող 8 եւ զոհված հարազատ ունեցող մոտ 130 ընտանիք։

Անհետ կորածների ցուցակների ճշտման գործընթացը շարունակվում է։

Լուսանկարները՝ Մարիամ Լեւինայի