Լիբանանի միապալատ խորհրդարանի պատգամավորները հոկտեմբերի 21-ին կրկին չեն կարողացել երկրի նախագահ ընտրել: Ինչպես հաղորդում է «Նահարնեթ» պորտալը, Պլաս դ’Էտուալ հրապարակում գտնվող պալատում հավաքված օրենսդիրների թիվը բավարար չի եղել քվեարկություն անցկացնելու համար:

Քվորումի բացակայության պատճառով խորհրդարանի խոսնակ Նահիբ Բերրին ստիպված է եղել  ընտրությունը 30-րդ անգամ հետաձգել, այս անգամ նոյեմբերի 11-ին: Քվեարկության անցկացման համար անհրաժեշտ է 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը, սակայն դահլիճում այդ պահին եղել է 49 պատգամավոր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր է այն պահից, երբ 2014-ի մայիսի 25-ին նախագահի աթոռը թողեց Միշել Սուլեյմանը: Ըստ Լիբանանի օրենսդրության, երկրի նախագահի պաշտոնի համար առաջադրվում է մարոնիների համայնքի ներկայացուցիչը, որոնք մեծամասնություն են կազմում տեղի քրիստոնյաների շրջանում:

Ընտրությունները բոյկոտում են «Ազատ հայրենասիրական շարժման» պատգամավորները: Նրանց առաջնորդը՝ 80-ամյա գեներալ Միշել Աունը, ձգտում է զբաղեցնել նախագահի աթոռը, սակայն արեւմտամետ խմբակցությունները դեմ են նրա թեկնածությանը: Նրանց դուր չի գալիս գեներալի դաշինքը շիաների «Հըզբոլլահ» շարժման հետ: