Հայր եւ որդի Յուրի եւ Արթուր Հարությունյանները՝ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղից, անհետ կորել են 1993թ. սեպտեմբերին։

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է անհետ կորածների որդի եւ եղբայր Էդգար Հարությունյանը, սեպտեմբերի 4-ին նրանց ջոկատը շրջափակման մեջ էր հայտնվել։ 1970թ. ծնված Արթուրն ու 1945թ. ծնված Յուրին, որոնք կամավոր էին գնացել պատերազմ, դրանից հետո համարվում են անհետ կորած։

«Տեղեկություն կա, որ անհետանալուց մի քանի օր անց նրանց տեսել են Բաքվում՝ ինչ-որ մի վայրում»,- հավելեց նա։

Հորն ու եղբորը երկար են փնտրել։ «Ես այդ ժամանակ 14 տարեկան էին։ Բարեկամները որոնում էին, բայց անարդյունք։ Արթուրը չէր հասցրել ամուսնանալ, սակայն հարսնացու ուներ։ Աղջիկը երկար սպասում էր, բայց ի վերջո ամուսնացավ ուրիշի հետ»,- նշեց Էդգարը։