«Նուբարաշեն ՔԿՀ»-ում իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկվածները երկուշաբթի օրը կրկին հացադուլ կսկսեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկված Էմիլ Չիֆչյանի մայրը՝ Վարսենիկ Ղազարյանը, որը մյուս դատապարտյալների ծնողների հետ հավաքվել էր կառավարության շենքի մոտ:

«Նախագահականից ցմահ ազատազրկված մեր հարազատների գործերի վերաբացման պահանջով նամակի պատասխանը դեռ չենք ստացել, չնայած խոստացել էին, որ 10 օրվա ընթացքում պատասխանը կլինի: Այսօր գնալու ենք նախագահական պատասխան պահանջելու, իսկ մեր երեխաները երկուշաբթի օրվանից կրկին հացադուլ կսկսեն»,-ասաց Վարսենիկ Ղազարյանը:

Նշենք, «Նուբարաշեն» ՔԿ-ում 50 ցմահ ազատազրկվածներ 4-օրյա հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց գործերը: Միեւնույն ժամանակ նրանց ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետեւ նույն պահանջով նամակ ուղղել նախագահին: