Սահմանամերձ Տավուշի մարզի Կոթի գյուղի 24-ամյա բնակիչ Մհեր Գյանջալյանը ութ օր է` գտնվում է կոմայի մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
«Երիտասարդը մեզ մոտ է տեղափոխվել հոկտեմբերի 14-ին մահամերձ վիճակում: Վիճակը ծայրահեղ ծանր է, վերջին օրերին վիճակի փոփոխություն կա, բայց շարունակում է կոմայի մեջ մնալ»,-ասաց Սուրեն Մակարյանը:
Նախնական տվյալներով` Մհեր Գյանջալյանի մոտ թունավորում է ախտորոշվել:
«Միայն թունավորում չէ, այլ ախտանշաններ էլ են մոտը հայտնաբերվել»,-ասաց Վերակենդանացման բաժանմունքի վարիչը:
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընտանիքը ֆինանսական օգնության կարիք ունի՝ անհրաժեշտ բուժօգնության համար: Գյուղապետարանը, ըստ գյուղապետի, չի կարող օգնել Գյանջալյան ընտանիքին բյուջեի սղության պատճառով:
Ֆելիքս Մելիքյանի խոսքով` ընտանիքը միջինից ցածր պայմաններում ապրող ընտանիք է, զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Նշենք, որ Մհեր Գյանջալյանը հոկտեմբերի 14-ին շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի Թունաբանական բաժանմունք, ավելի ուշ Գյանջալյանը տեղափոխվել է Վերակենդանացման բաժանմունք, քանի որ թունավորումից բացի հիվանդի մոտ առկա են եղել այլ հիվանդության ախտանշաններ:





























