ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 103.7 տոկոս: Միաժամանակ, սեպտեմբերին այդ ցուցանիշը օգոստոսի համեմատ աճել է 9.8 տոկոսով, իսկ սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2.2 տոկոսով:
Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել են բոլոր ճյուղերը, բացառությամբ` առեւտրի շրջանառության, որը կրճատվել է 5.6 տոկոսով: Գյուղատնտեսության աճի տեմպը կազմել է 111.3 տոկոս, արդյունաբերությանը` 104.8 տոկոս, ծառայություններինը` 102.5 տոկոս եւ շինարարությանը` 100.1 տոկոս:
Առեւտրի ցուցանիշի նվազումը շարունակում է հիմնականում պայմանավորված մնալ արտաքին մասնավոր տրանսֆերտների ծավալի կրճատմամբ, որը 2015թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 36.9 տոկոսով: Միաժամանակ, բացասական միտումը որոշակիորեն փոխհատուցվում է միջին ամսական անվանական աշխատավարձի աճին զուգահեռ ամսական կտրվածքով տրանսֆերտների ծավալների նվազման դանդաղմամբ, ինչը թույլ է տալիս տարվա կտրվածքով ակնկալել առեւտրի շրջանառության աճ:
Արդյունաբերության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին կազմել է 104.8 տոկոս: Տարեսկզբից սկսած արդյունաբերության աճը շարունակվում է առավել բարձր տեմպով (արդյունաբերության ըստ գործունեության տեսակների 2015թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշները ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կհրապարակվեն հոկտեմբերի 31-ին, որի հիման վրա կտրվի լրացուցիչ մեկնաբանություններ):
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների համաձայն աճ է (անվանական աճ) գրանցվել եւ հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման ճյուղում` աճի տեմպը` 135.4 տոկոս, եւ էներգետիկայի ոլորտում` 104.6 տոկոս, եւ մշակող արդյունաբերությունում` 104.0 տոկոս:
Մշակող արդյունաբերության աճին նպաստել են հետեւյալ ճյուղերի աճի տեմպերը` «Պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության» 152.2%, «Մանածագործական արտադրատեսակների արտադրության» 149.2%, «Ծխախոտե արտադրատեսակների» 146.6%, «Ռետինե եւ պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության» 131.1%, «Դեղագործական արտադրանքի արտադրության» 128.0%, «Ադամանդների մշակման» 107.2% եւ «Սննդամթերքի արտադրության» 102.4%:
Ի հակադրություն վերջիններիս նվազում է գրանցվել «Ոսկերչական զարդերի արտադրությունում»` -30.6%-ով, «Քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրությունում»` -22.9%-ով, «Էլեկտրական սարքավորանքի արտադրությունում»` -21.3%-ով, «Խմիչքների արտադրությունում»` -10.7%-ով, «Կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրությում»` -9.1%-ով, «Հիմնային մետաղների արտադրությունում»` -2.9%-ով:
Արդյունաբերական արտադրանքի արտահանման աճ է գրանցվել մշակող արդյունաբերության հետեւյալ ենթաճյուղերում` «Ծխախոտե արտադրատեսակների արտադրություն»` աճի տեմպը` 169.4%, «Դեղագործական արտադրատեսակների արտադրություն»` 123.3%, «Հիմնային մետաղների արտադրություն»` 115.6%, «Սննդամթերքի արտադրություն»` 117.3%, «Ադամանդների մշակում»` 100.3%:
«Խմիչքների արտադրության» արտահանման ծավալի -22.3%-ով նվազումը հիմնականում պայմանավորված է դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների -22.7%-ով նվազմամբ, իսկ դեպի այլ երկրներ արտահանման աճի տեմպը կազմել է 175.8%:
Արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է -20.0%-ով, արտահանումը` -0.9%-ով, իսկ ներմուծումը` -26.6%-ով:
Տարեսկզբին գրանցված զգալի նվազման դիմաց, արտահանման ծավալները (չնայած արտաքին առեւտրի որոշակիորեն անբարենպաստ պայմանների` հանքահումքային արտադրանքների համաշխարհային գների նվազում, արտարժութային շուկայում տարեսկզբին գրանցված եւ դեռեւս ոչ ամբողջությամբ կայունացած շոկեր) ընդհանուր առմամբ վերականգնողական միտումներ են դրսեւորում, ինչը թույլ է տալիս տարվա կտրվածքով ակնկալել արտահանման աճ:





























