Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դարձել է այդ երկիրը բոլորից երկար կառավարած քաղաքական գործիչը։ Մորալեսն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 9 տարի, 8 ամիս եւ 27 օր։ Նախորդ ռեկորդը պատկանում էր մարշալ Անդրես դե Սանտա Կրուսին, որը ղեկավարել է Բոլիվիան 1829 մայիսի 24-ից 1839թ. փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում։
«Բոլիվիացի ժողովրդի գիտակցության շնորհվ այսօր մենք պատմություն ենք կերտում՝ գերազանցելով Անդրես սե Սանտա Կրուսի կառավարության ռեկորդը։ Խոսքը միայն իշխանության երկարատեւության մասին չէ»,- հայտարարել է Մորալեսը Տիաուանակո բնակավայրում հանդիսավոր արարողության ժամանակ։
Մորալեսը այս ռեկորդային ցուցանիշը գրանցել է իր քաղաքական ապագայի շուրջ բուռն քննարկումների ֆոնին։ Սեպտեմբերի 27-ին Բոլիվիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը թույլ է տալիս գործող նախագահին վերընտրվել այդ պաշտոնում։ Նախաձեռնությունն առաջ էր բերել ընդդիմության սուր քննադատությունը։





























