ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին: Այս մասին, հոկտեմբերի 21-ին, Ժնեւում Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:

Ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում եւ ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական փոխգործակցության մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին եւ մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն: Գալուստ Սահակյանը նկատել է նաեւ, որ թե Հայոց ցեղասպանության եւ թե աշխարհի մյուս ցեղասպանությունների լիարժեք դատապարտման բացակայության պատճառներից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհում առկա են ցեղասպանության հատկանիշներով պատերազմներ եւ այլ երեւույթներ:

Խոսելով Սիրիայի հետ բազմակողմ համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը Գալուստ Սահակյանին հրավիրել է Սիրիա:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել. «Ռուս-սիրիական դաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար եւ խնդրում եմ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի շնորհակալությունը փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին»:

Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը ցավով նշել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ: