Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկեց իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակվելու գործի քննությունը:

Սողոմոն Քոչարյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը նշեց, որ իր պաշտպանյալը մշտական ցավեր ունի, չի կանգնում, չի ուտում, անգամ բնական կարիքներն ինքնուրույն չի կարող հոգալ, եւ նրա հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետագա կրման հետ:

«Հայաստանի ՔԿՀ-ներում 2012-2014թթ. մահացել է նման հիվանդություններով տառապող 85 դատապարտյալ, մինչդեռ կարող էին ազատվել պատժի հետագա կրումից»,-ասաց Գրիշա Բալասանյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով վաղաժամ ազատ արձակելու գործով որոշում կայացնելու:

Դատական նիստին ներկա են նաեւ նախորդ շաբաթ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չորսօրյա հացադուլ հայտարարած 52 ցմահ դատապարտյալների հարազատները։

Նշենք, որ 20 տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանը դատական նիստին ներկա չէր վատ առողջական վիճակի պատճառով:

Սողոմոն Քոչարյանը ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում:

Նշենք, որ Գրիշա Բալասանյանը դիմել էր Մարդու Իրավունքների պաշտպանին եւ Արդարադատության նախարարին, որպեսզի գործընթացն արագացվի:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. օգոստոսի 20-ին «Էրեբունի» ԲԿ-ից Սողոմոն Քոչարյանի մորը տրամադրվել է որդու ախտորոշումը: Ըստ այդմ, 20 տարի անազատության մեջ գտնվող, պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա է պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: