ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հոկտեմբերի 21-ին կալանավորվել է 8 բնակիչ, որոնց մեղադրում են Հարավային Քալիֆորնիայի Լոնգ Բիչ եւ այլ քաղաքների բենզալցակայանների վճարման տերմինալներում սքիմինգ սարքավորումներ տեղադրելու մեջ։

Ինչպես հայտնում է Press Telegram-ը, ձերբակալվել են հայկական ծագումով 8 կասկածյալ՝ Սան Ուելից Նազար Դանիելյանը, Փորթեր Ռենչից Ռուբեն Կարապետյանը, Հյուսիսային Հոլիվուդից Գրիգոր Փամբուկյանը, Արմեն Գալուլյանը, Հարություն Օհանյանը եւ Վան Նայսից էնթոնի Թնջրյանն ու Արսեն Թերզյանը, փոխանցում է Slavicsac-ը։

Նշվում է, որ 8-րդ կասկածյալ Հովհաննես Թագարյանը կամավոր ներկայացել է ոստիկանություն։

Դատախազության տեղեկություններով՝ հայկական խմբավորումը Քալիֆորնիայի Սան Գաբրիել, Վան Նայս, Հյուսիսային Հոլիվուդ, Սանտա Մոնիկա, Բեւերլի Հիլզ, Թորենս, Լոնգ Բիչ, Բերբանք, Սանտա Աննա, Անահայմա եւ այլ քաղաքներում  զբաղվում էր լցակայաններում սքիմինգ սարքավորումներ տեղադրելով։

Ընդհանուր առմամբ տեղադրվել էր 15 սարքավորում։ Դրանց միջոցով կասկածյալները տեղեկություններ էին հավաքում հաճախորդների կրեդիտ քարտերից եւ բեռնում դրանք սմարթֆոնների կամ պլանշետների մեջ։

Գաղտնի սարքավորումներ տեղադրելիս օգտագործվում էին մեծ բեռնատարներ, որոնք փակում էին տեսախցիկների տեսադաշտը եւ թաքցնում հանցագործների գործողությունները պատահական անցորդներից։

Կասկածյալներին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։