Հայաստանում սահմանադրական փոփոխությունների ամենակարեւոր դրույթը խորհրդարանական կառավարման համակարգին անցումն է, որը կխորացնի ժողովրդավարությունը մեր երկրում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով, առջաջարկվող փոփոխությունների արդյունքում կուժեղանան նաեւ ընդդիմության վերահսկողական գործառույթները: «Նոր փաստաթուղթը մեծ հնարավորություն է տալիս ապահովել դատական իշխանության անկախությունը: Ներկայումս նոր փաստաթուղթ է պատրաստվում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ, եւ նշված սահմանադրական փոփոխություններն ընդունելի են նաեւ այդ համատեքստում»,-ընդգծել է Աճեմյանը:

Նա կողմ է Հայաստանում հանրաքվեի մշակույթի ներդրմանը եւ զարգացմանը: «Մեր առաջին նպատակն է նպաստել, որպեսզի մարզերում եւ մայրաքաղաքում չլինեն չտեղեկացված մարդիկ: Ամեն ինչ պետք է անել, որ հանրաքվեն վստահություն ներշնչի քաղաքացիներին»,-ասել է Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն շատ ակտիվ կերպով մասնակցում է քարոզչական արշավին՝ հաշվի առնելով իր մեծ փորձը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: