Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը դեմ է Սահմանադրական փոփոխություններին, քանի որ դատական իշխանության անկախությունն ապահովված չէ:
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն Ազատ Արշակյանն ընդգծեց, որ իրեն մտահոգում է միայն հենց դատական համակարգի հարցը:
«Ես «կիսաոչ» ասող եմ, որովհետեւ Սահմանադրական բարեփոխումներին կողմնակից եմ, սակայն կան թերություններ, որոնք ինձ մտահոգում են, մասնավորապես դատական համակարգում: Շատ կարեւոր է, որ Հայաստանում արդարադատությունը գործի, դատարաններն անկախ լինեն, դատավորներն ունենան այնքան իմունիտետ, ինչքան պատգամավորները»,- ասաց Ազատ Արշակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը շտապեց «հանգստացնել» նախկին պատգամավորին՝ նշելով, որ փոփոխությունների ընդունումից հետո չի բացառվում Դատական օրենսգրքի վերանայումը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:





























