Հայաստանի չի ցանկանում իր հարաբերությունները կառուցել Եվրոպա-Ռուսաստան առկա տարաձայնությունների վրա: Այս մասին, հոկտեմբերի 21-ին, Մադրիդում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում իր ելույթում նշել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

ԵԺԿ ընդլայնված համագումարում ԵԺԿ նախագահ է ընտրվել Ժոզեֆ Դոլը: Այսօր տեղի կունենան ԵԺԿ գլխավոր քարտուղարի եւ փոխնախագահների ընտրությունները:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելությում մասնավորապես, նշել է.

«Հայաստանի քաղաքական գերակայություններից մեկը Եվրոպական Միության հետ հարաբերությունների հետեւողական խորացումն է: Մեզ համար եվրոպական արժեքները, ԵՄ-ի եւ անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը կարեւոր նշանակություն ունեն: Այսօր ես նախաձեռնել եմ մի գործընթաց, որն իր շուրջն է համախմբել 140 քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական շարժումների: Մեր նպատակն է Հայաստանը տանել ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով եւ, իսկապես, պայքարել մեր երկրի, հասարակության վերածննդի համար: Այդ իսկ պատճառով այդ միավորումը կոչվում է «Հայկական վերածնունդ», որը նպատակ ունի իր համառ պայքարով կյանքի կոչել հայկական երազանքը՝ կառուցել ազատ, զարգացող եւ բարեկեցիկ հասարակություն: Այսօր ես անպայման ուզում եմ խոսել հայ-ռուսական հարաբերությունների, մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերի եւ ազդեցության մասին:

Հայերն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել Ռուսաստանի հետ: Այսօր էլ Ռուսաստանը Հայաստանի համար առանցքային առեւտրատնտեսական գործընկեր եւ անվտանգության ապահովման գործում կարեւոր դերակատար եւ դաշնակից է: Մենք չենք ցանկանում մեր հարաբերությունները կառուցել Եվրոպա-Ռուսաստան առկա տարաձայնությունների՝ իմ համոզմամբ, ժամանակավոր տարաձայնությունների ֆոնի վրա: Մենք եվրոպական երկիր ենք եւ ցանկանում ենք կառուցել առանց հակասության հարաբերություններ մեր բոլոր դաշնակիցների հետ: Ի վերջո, եվրոպական արժեքներին մեր ձգտումներում պետք է հասնենք մեր նպատակներին՝ ջանքերը համադրելով, այլ ոչ թե կառուցենք մեր ապագան հակասությունների փիլիսոփայության համատեքստում:

Պետք է վարել հավասարակշռված քաղաքականություն եւ ունենալ նմանատիպ հարաբերություններ ԱՄՆ-ի եւ Չինաստանի, Եվրամիության եւ Ռուսաստանի, աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ: Սա է փոքր երկրի մեծ հավակնությունների իրականացման ճշմարիտ ճանապարհը»: