«Առողջ սունկ» ՍՊԸ-ն արտոնագիր կստանա վնասակար նյութերի հետ աշխատելու համար։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 22-ին կայացած Կառավարության նիստում։

Նշենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան բնակավայրում գտնվող ընկերությունը սունկ աճեցնելու համար  ծղոտից, թռչնի ծերտից ու գիպսից բաղկացած կոմպոստ (պարարտանյութ) է արտադրում։ Արտոնագիրն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ թռչնի ծերտը 4-րդ կարգի վնասակար նյութ է համարվում։ Ընկերությունն աշխատում է մի քանի տարի, եւ այդ ընթացքում մոտակայքում գտնվող գյուղերի բնակիչները միշտ բողոքել են օդում առկա ծանր հոտից, որից վատանում է նրանց ինքնազգացողությունը։

Հիշեցնենք, որ «Առողջ սունկ» ընկերության գործունեությունից դժգոհում են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչները, որոնք պնդում են՝ գարշահոտություն է տարածվում համայնքում:

Գյուղացիները դիմել էին Կոտայքի մարզպետարան, որն էլ «Առողջ սունկ» ՍՊԸ կոմպոստի արտադրամասի եւ նրան հարող տարածքներում մթնոլորտային օդի աղտոտման փաստն ուսումնասիրելու նպատակով հանձնաժողով էր ստեղծել: Հանձնաժողովը սեպտեմբերի վերջին նիստ էր հրավիրել՝ առաջարկելով տեղափոխել ընկերությունը: Ընկերությունից, սակայն, մեզ հայտնել էին, որ իրենք ոչ մի տեղ չեն տեղափոխվելու:
Aida  Hovhannisyan