Սույն թվականի դեկտեմբերի 1-ից ու 6-ից հետո Հայաստանում կձեւավորվի մի իրավիճակ, երբ սահմանադրական բարեփոխումները հաստատված կլինեն եւ իշխանափոխություն չի լինի: Այս մասին հոկտեմբերի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Միջազգային ու անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ, «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանն այն մասին, որ դեկտեմբերի 1-ից հետո իրենք իշխանափոխություն են պարտադրելու:
Փորձագետի խոսքով, «Նոր Հայաստանի» ռազմավարության մեջ մեկ բան պարզ է. նրանք հասկանում են, որ սահմանադրական բարեփոխումների հարցը երբեք մարդկանց լայն զանգվածների համախմբում չի ապահովի, դրա համար էլ առաջ են քաշել իշխանափոխության խնդիրը: «Ինձ համար անհասկանալի է գործընթացի դիզայնը, երբ դեկտեմբերի 1-ին հերթական հեղափոխության օր են նշանակում: Ցավոք, նրանք գնում են նույն ճանապարհով, ինչ առաջ: Օրակարգը պետք է համապատասխանի իրականությանը »,- շեշտել է Ստեփան Սաֆարյանը: Նրա տեսակետից, սակայն, դա չի նշանակում, որ իշխանությունների նկատմամբ վստահության խնդիրը չի կարող կապակցվել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ:
Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ձեւավորվել է հոկտեմբերի 12-ին: Ճակատի անդամները հայտարարում էին այն մասին, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը իրականացնելու են իշխանափոխության ծրագիր: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին:




























