Շվեդիայի արեւմուտքում՝ Տրոլհեթեն քաղաքում, դպրոցի վրա անհայտ տղամարդու հարձակման հետեւանքով տուժած 5 մարդկանցից մեկը մահացել է, իսկ հարձակվողն ինքը վիրավորված է ու հիվանդանոցում է, այս մասին հայտնում են շվեդական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Արեւմտյան Շվեդիայի առողջապահության մարմինները:
Հարձակումը կատարվել է հինգշաբթի առավոտյան՝ դպրոցական սրճարանում: Հայտնել էին, որ մեկ մեծահասակ ու չորս աշակերտ են վիրավորվել դիմակ հագած անհայտ տղամարդու կողմից, որը զինված էր սրով: Նշում էին, որ ոստիկանները կրակ էին բացել հարձակվողի վրա:
Լրատվամիջոցները հայտնել են, որ վիրավորներից մեկը մահացել է, սակայն թե հատկապես ով՝ չեն հայտնել:
«Հանցագործը լուրջ վիրավորում է ստացել ու հիվանդանոցում է»,-«Դագենս նյուխեթեր» թերթին պատմել է առողջապահության բաժնի ներկայացուցիչ Նիկլաս Կլասսոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դիմակ հագած անհայտ տղամարդը դպրոց էր մտել: Նրա ձեռքին կամ մեծ դանակ էր, կամ էլ սրի նման մի բան: Նա վնասվածքներ է հասցրել մարդկանց , բայց ես չգիտեմ, թե հատկապես ինչ աստիճանի վնասվածքներ»,- ավելի վաղ «Էքսպրեսեն» թերթին պատմել էր ոստիկանության ներկայացուցիչ Ստեֆան Գուստաֆսոնը:





























