Այսօր՝ հոկտեմբերի  22-ին, ուժի մեջ է մտել հունիսի 22-ին ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:

Փոփոխությունները կատարվել են հետեւյալ հիմնական ուղղություններով.

•      ամբողջական ձեւակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,

•      հստակեցվել եւ ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը եւ դրա տեւողությունը եւս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,

•      սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,

•      փոխվել եւ լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,

•      համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,

•      ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,

•      սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային  պայմանագրի լուծման առանձնահատկությունը,

•      սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,

•      առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,

•      կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,

•      միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչեւ տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,

•      վերացվել է մինչեւ 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,

•      հղի կանանց եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,

•      աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,

•      կատարվել են նաեւ խմբագրական եւ հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ: