Պրահայի Կարլի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողների համար դասախոսությամբ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հանդես է եկել Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ խոսել Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին, հաղորդում է orer.eu կայքը։ Դասախոսության թեման էր «Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության պատմությունը եւ հիշողությունը»։ Դասախոսությունը անցկացվում էր «Ցեղասպանագիտություն եւ զանգվածային բռնություններ» ուսումնական դասընթացի շրջանակներում, որի կազմակերպիչն է ֆակուլտետի դասախոս Շիմոն Կրբեցը։ Հայկ Դեմոյանը անգլերենով ներկայացրել է հայերի տեղահանության ու ցեղասպանության պատմությունը, երիտթուրքերի իրականացրած ոճրագործությունները, հետագա տարիներին Թուրքիայի պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականությանը։

Նա նաեւ վերջում անդրադարձ է կատարել Չեխիայի հետ կապ ունեցող մի քանի անհատների՝ Պրահայում ծնված Ֆրանց Վերֆելի  «Մուսա լեռան 40 օրը» վեպի ունեցած հսկայական ազդեցությանը՝ ոչ միայն հայկական հարցի տարածման, այլեւ հրեական Հոլոքոստի տարիներին համակենտրոնացման ճամբարներում գոյատեւող մարդկանց համար։

Հաջորդը՝ «Արեւելքի սարսափները» գրքի հեղինակ Կարել Հանսան է, որ ականատեսի վկայություններ է տպագրել իր գրքում եւ կոչ արել եվրոպական երկրներին օգնել բզկտված հայ ժողովրդին։

Իսկ վերջում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը ներկայացրեց նաեւ իր ղեկավարած հաստատության եւ չեխական Լիդիցեի հուշահամալիրի միջեւ իրականցվող համագործակցության մասին։

Հիշեցնենք, որ հայկական կողմի աջակցությամբ այս տարի հունիսին Լիդիցեի հուշահամալիրում բացվել էր Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հայ մանուկներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես։

Դասախոսության ավարտին, որն ուղեկցվում էր նաեւ լուսանկարային տեսաշարի ցուցադրությամբ, Հայկ Դեմոյանը պատասխանել է ներկա ուսանողների հարցերին, այդ թվում՝ ադրբեջանցու, անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, պատմական ակնարկով բացատրելով խնդրի էությունը։

Խոսք է գնացել նաեւ ասորիների եւ հույների ցեղասպանության մասին, երիտթուրքերի եւ ֆաշիստների գաղափարախոսությունների համեմատության, Թուրքիայում ապրող ծպտյալ հայության մասին։ Այսօր Հայկ Դեմոյանն այցելել է նաեւ Լիդիցեի հուշահամալիր եւ հանդիպել ղեկավարությանը, դիտել նոր ցուցադրությունը։