Թուրքիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետեւում միավորված ահաբեկչական խմբավորում է կանգնած։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Անկարայի երկու պայթյունները կազմակերպել է միավորված խմբավորումը։ Դրա կազմում են «Իսլամական պետության» գրոհայինները, Քրդական բանվորական կուսակցության ծայրահեղականները եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալները»,- պնդում է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Թուրքիայի մայրաքաղաքում 2 պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով զոհվել էր 102 մարդ։ Հանրապետության պատմության ամենաարյունալի ահաբեկչությունը իրականացրել էին 2 մահապարտ, որոնք միախառնվել էին ահաբեկչության դեմ ակցիային մասնակցող խաղաղ ցուցարարներին։ Ահաբեկչության կազմակերպման հիմնական կասկածյալները դեռ համարվում են ԻՊ գրոհայինները։




























