Ցմահ ազատազրկվածների հարազատները դժգոհ են իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նախագահին ուղղված նամակի պատասխանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկված Արթուր Քոչարյանի մայրը` Ֆենյա Քոչարյանը: Նա նշեց, որ քաղաքացիների ընդունելության բաժնից նրանց հաղորդել են, որ դիմումը հասցեագրվել է Արդարադատության նախարարությանը, եւ պատասխանը կլինի մեկ ամսից:

«Մենք չենք հավատում այեւս ոչնչի, շարունակելու ենք մեր պայքարը, մինչեւ կոնկրետ փոփոխություններ լինեն»,-ասաց տիկին Քոչարյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 50 ցմահ ազատազրկվածներ 4-օրյա հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց գործերը: Միեւնույն ժամանակ նրանց ծնողները բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի դիմաց, այնուհետեւ նույն պահանջով նամակ ուղղել նախագահին: Նրանք այսօր՝ հոկտեմբերի 22-ին հայտարարել են, որ ցմահ դատապարտվածները նորից պատրաստվում են հացադուլ հայտարարել: