Սիրիական հարցի լուծմանը պետք է մասնակցեն Իրանը, Եգիպտոսը, Կատարը, ԱՄԷ-ն, ու Հորդանանը: Այս մասին «Ռոսիյա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա բավարար է համարում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների Ռուսաստան-ԱՄՆ-Սաուդյան Արաբիա-Թուրքիա ձեւաչափը ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այդպես չի կարծում: «Համաձայնելով այդ ձեւաչափին ( Վիեննայում Ռուսաստանի, ԱՄՆ –ի, Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի մասնակցությամբ հանդիպմանը ՝ - ՏԱՍՍ) մենք հերթական անգամ վստահություն հայտնեցինք, որ առանց Իրանի մասնակցության՝ սիրիական կարգավորման աջակցության արտաքին շրջան ստեղծելու փորձերը անհեռանկարային են,- շեշտեց Լավրովը,- Ներկա պայմաններում սկզբունքայնորեն կարեւոր է այս խմբում նաեւ Եգիպտոսին, Կատարին, Էմիրություններին ու Հորդանանին ընդգրկելը»:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հավելել է , որ այդ երկրներից մի քանիսը «շատ հնարավոր է որ վաղը Վիեննայում կլինեն, բայց արդեն զուգահեռ ընթացող հանդիպումներում»: «Նրանք մեզ հետ շփվելու ցանկություն են հայտնել,- շարունակել է նա,- Մենք պատրաստ ենք դրան»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:




























