Ցմահ ազատազրկման պատժի հետագա կրումից ազատված Սողոմոն Քոչարյանը հուզվել է, երբ նրան տեղեկացրել են դատարանի վճռի մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց Քոչարյանի մայրը, որն անձամբ է որդուն հայտնել բարի լուրը: 

Զինա Քոչարյանը նշեց, որ որդուն հետագա պատժից ազատելու որոշումը, թեեւ իրեն ուրախացրել է, սակայն ուշացած է, որդու վիճակը ծանր է, այդ պատճառով ուրախությունը չի կարող լիարժեք լինել:

«Ոչինչ էլի ուրախ եմ, բայց ուրախությունս էն չի: Ուրախանում, ժպտում եմ, բայց սիրտս նեղված է: Ինքը վեր կենար, իր ոտքով գնար տուն, ասեի՝ երեխաս ազատության մեջ է: Բայց հիմա պառկած է, չգիտեմ էլ՝ ոնց կլինի: Որոշումը ուշ կայացվեց, գոնե մի քանի ամիս շուտ լիներ, էդ ցավին չհասներ»,-ասաց Սողոմոն Քոչարյանի մայրը:

Ամենից շատ տիկին Զինան ափսոսում է, որ Սողոմոն Քոչարյանի կինն ու դուստրը չհասցրին տեսնել նրան ազատության մեջ:

«Գոնե մի տարի առաջ ազատեին, որ սենց բան չլիներ: Էրեխուն հույսով արեցին, տեսավ չէ, հայրը ազատության մեջ չի հայտնվի, ինքնասպան եղավ»,- նշեց Զինա Քոչարյանը: 

Տիկին Զինան միշտ հավատացել է, որ որդին մի օր ազատության մեջ կլինի:

«Ես էլ իր հետ ցմահ նստեցի, բայց հույսս չէի կտրում, ինչ-որ մի բան ինձ հույս էր տալիս, որ ինքը պիտի ազատվի»,-ասաց տիկին Զինան: 

Հիշեցնենք, որ Սողոմոն Քոչարյանի 19-ամյա դուստրը, որը մոր մահից հետո միայնակ էր մնացել, ինքնասպան է եղել 2014թ. մարտի 1-ին:

Սողոմոն Քոչարյանը ազատազրկվել էր 20 տարի առաջ։ Նա ներկայում գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Սրտաբանական բաժանմունքում: Պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ՝ 4-րդ աստիճանի սրտային անբավարարությամբ (իշեմիկ կարդիոմիոպաթիա), ունի հետինֆարկտային խրոնիկ անեւրիզմա, հիվանդ է նաեւ կանգային թոքաբորբով: Այս հիվանդությամբ նա ենթակա էր պատժից ազատման` համաձայն Կառավարության 825-Ն որոշմամբ հաստատված պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի:

Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել 1995թ.՝ Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն Հայաստանում սպանելու համար, սակայն հետո պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Սողոմոն Քոչարյանը 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից:

Հոկտեմբերի 22–ին առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա փաստաբանի միջնորդությունը եւ ազատել Քոչարյանին պատժի հետագա կրումից: