Ռուսական ավիացիան Սիրիայում հարվածներ է հասցրել Եփրատ գետի վրա կառուցված կամրջին՝ փակելով Իրաքից «Իսամական պետության» ահաբեկիչներին մատակարարումների ճանապարհը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը:

«Նյութատեխնիկական շղթայի առանցքային օբյեկտը Դեյր Զորի շրջանում Եփրատ գետի վրայով անցնող կամուրջն է: Այսօր ռուս օդաչուներն այդ օբեկտի ուղղությամբ թիրախային հարվածներ են հասցրել, որոնց արդյունքում ահաբեկիչներն այլեւս չեն կարողանա կամուրջն օգտագործել իրենց նպատակների համար»,- ասել է զինվորական պաշտոնյան:

Կարտապոլովի խոսքով, այդ երթուղին ծառայում էր Իրաքից ԻՊ-ի զինյալներին զենք, զինամթերք, նյութական միջոցներ հասցնելու նպատակներին:

Գեներալ-գնդապետը նաեւ ընդգծել է, որ սիրիական զինվորականներն օգտվել են այդ հարվածից եւ զինյալներից հետ գրավել հենակետերից մեկը: