Հայաստանի հյուսիս-արեւելյան զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող  երեւանաբնակ շուրջ 80 զինվորներ, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ու օրինակելի ծառայությամբ,  խրախուսվել են 5-10- օրյա արձակուրդով:

Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների եւ նրանց ծնողների հետ հանդիպել են  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը եւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Հանդիպմանն ու այդ առիթով կազմակերպված հանդիսությանը ներկա են եղել նաեւ Երեւան քաղաքի զինվորական կոմիսարները, ՀՀ ՊՆ բարձրաստիճան այլ զինվորականներ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը՝ նման հանդիպման պատրաստակամության համար:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն իր հերթին վստահեցրել է, որ մեր սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է նաեւ դահլիճում ներկա  հերոսական ոգի ունեցող երեւանցի զինվորների շնորհիվ: Վերջինս նաեւ երախտիքի խոսք է հղել զինծառայողների ծնողներին` հատկանշելով, որ սպայական կազմը յուրաքանչյուր զինվորի վերաբերվում է որպես սեփական զավակի: Առավել աչքի ընկած 15 զինվորներ  պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով: Միջոցառումն ուղեկցվել է «Մարաթուկ» ազգագրական համույթի կատարումներով, զինվորական ինքնագործ խմբի ելույթներով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողները պարգեւատրվել են շնորհակալագրերով: