Սաուդյան Արաբիան առաջիկա 5 տարում կարող է սպառել իր բոլոր ֆինանսական պաշարները նավթի գների անկման հետեւանքով առաջ եկած խնդիրների պատճառով, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամը։

Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ԱՄՀ հրապարակած զեկույցում նշվում է, որ տարածաշրջանի խոշորագույն տնտեսության բյուջեի դիֆիցիտը, կանխատեսումների համաձայն, ներկայիս տարվա ավարտին կկազմի ՀՆԱ-ի 21.6 տոկոսը, իսկ 2016թ.՝ ՀՆԱ-ի 19,4 տոկոսը։

Դա նշանակում է, որ Էր Ռիյադը ստիպված է միջոցներ փնտրել  ներկայիս ծախսերը փակելու համար եւ Պարսից ծոցում իր հարեւանների նման կրճատել բյուջեի ծախսերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նավթի համաշխարհային գների անկումը զգալիորեն կրճատել է տարածաշրջանում նավթ արտահանող երկրների՝ արտահանումից ստացվող եկամուտները»,- ասել է ԱՄՀ Մերձավոր Արեւելքի երկրների հարցերով տնօրեն Մասուդ Ահմեդը։

Սաուդյան Արաբիայի արժութային գործակալությունը արտասահմանյան ներդրումային ֆոնդերից հետ է կանչել 70 մլրդ դոլար արժողությամբ իր ակտիվները։ Նավթի գների անկումից ի վեր՝ թագավորության արտարժույթի պաշարները մոտ 73 մլրդ դոլարով պակասել են եւ կազմել 654.5 մլրդ դոլար։