Վիետնամի նախագահ Չըօնգ Տան Շանգը մոտ ժամանակներս մտադիր է այցելել Հայաստան: Այս մասին Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտի միջազգային երրորդ ֆորումի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Վիետնամի արդարադատության նախարար Խա խունգ Կըօնգը:

«Հիմա քննարկվում է մոտ ժամանակներս մեր նախագահի այցը ձեր երկիր: Ես կարծում եմ, որ մենք կբարելավենք մեր տնտեսական հարաբերությունները, որոնք այսօրվա դրությամբ, ցավոք, այդքան էլ զարգացած չեն»,- նշել է Խա Խունգ Կըօնգը:

Նա նաեւ նշել է, որ հոկտեմբերի 22-ին Հայաստանի արդարադատության նախարարության ու Վիետնամի սոցիալիստական հանրապետության արդարադատության նախարարության միջեւ համագործակցության հռչակագիր է ստորագրվել:«Երեկ ես հանդիպում ունեցա Հայաստանի արդարադատության նախարարի հետ, որի ընթացքում մենք համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցինք»,- ասել է Վիետնամի արդարադատության նախարարը: Նրա խոսքով, Երեւանում է նաեւ Վիետնամի արտգործնախարարի տեղակալ Վու Կուանգ Մինը: