Արդեն հեռավոր 1978թ., ստանալով Միջազգային  հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի դիպլոմը, ես պատկերացնել անգամ չէի կարող, որ 40 տարի անց ես՝ արդեն որպես Հայաստանի արտգործնախարար, պատիվ կունենամ իմ հայրենիքում՝ Երեւանում, ընդունել նման կարեւոր իրադարձություն՝ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների համաժողովը։ Այս մասին Երեւանում ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների 3-րդ Միջազգային համաժողովում ելույթի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (ֆոտոռեպորտաժ)։

Իր ելույթում Նալբանդյանը մասնավորապես նշել է.

«Հարգարժա՛ն պարոն նախագահ,

Հարգելի՛ ընկերներ,

Անցյալ տարի Մոսկվայում կայացած Երկրորդ համաժողովի ժամանակ ես առաջարկեցի հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում՝ հատկապես հաշվի առնելով, որ 2015թ. նշվում է Արեւելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը։ Այս ինստիտուտը հետագայում վերակազմավորվեց Արեւելագիտության Մոսկվայի ինստիտուտի, որի հիման վրա ստեղծվեց ՄԳԻՄՕ-ի Արեւելյան բաժինը։

Ուրախ եմ, որ այդ օրը վրա է հասել, եւ մենք կարող են ձեզ ողջունել Երեւանում 3-րդ Միջազգային  համաժողովի շրջանակներում։

ՄԳԻՄՕ-ի յուրահատուկ հոգին միավորում է բոլոր շրջանավարտներին։ Թեպետ կյանքը մեզ ցրել է աշխարհով մեկ, սակայն ուսանողական տարիների ընկերները միշտ ուրախ են հանդիպման հնարավորության համար։ Այս մասին է վկայում նաեւ ողջ աշխարհից Երեւան ժամանած համաժողովի մասնակիցների թիվը։

Ինստիտուտը, որն անցյալ տարի նշեց իր 70-ամյակը, պարզապես աշխարհում դիվանագետներ պատրաստող լավագույն կրթական հաստատություններից մեկը չէ։ Այն առաջին հերթին միահյուսում է ավելի քան 50 հազար շրջանավարտների ճակատագրերը, որոնք դարձել են ՄԳԻՄՕ-ի «մեծ ընտանիքի» անդամները։

Անցյալ տասնամյակների ընթացքում ինստիտուտը աշխարհին տվել է հայտնի դիվանագետների, տնտեսագետների, պետական գործիչների, գիտնականների, գործարարների եւ լրագրողների մի ամբողջ աստղաբույլ։ Դրանում իհարկե անվիճելի ավանդ ունեն փայլուն պրոֆեսորները եւ դասախոսները, որոնք շատ բան են արել աշխարհի տարբեր երկրների ամենաբազմազան ազգությունների շրջանում հազարավոր բարձր որակավորում ունեցող դիվանագետներ կերտելու գործում։

Խոնարհվում եմ մեր բոլոր պրոֆեսորների առաջ, որոնք ոչ միայն գիտելիք են տվել, այլեւ հատուկ էներգետիկա են փոխանցել եւ նպատակամղվածություն դաստիարակել բարդ խնդիրների լուծման համար, որոնք քիչ չեն պատահում միջազգային հարաբերություններում։ Նրան ոչ միայն սովորեցրել են մեզ խոսել տարբեր լեզուներով, այլ նաեւ, ինչպես ասում են, շփվել առանց  թարգմանիչների, ՄԳԻՄՕ-ի լեզվով։ Շփման այդ ունիվերսալ լեզվի շնորհիվ ձեւավորվում է խնդիրների լուծման տրամադրվածություն, իսկ դիվանագիտության մեջ կարեւոր է հասկանալ, որ խնդիրները ոչ միայն պետք է, այլ նաեւ հնարավոր է լուծել։

Ուրախացնում է այն փաստը, որ հարազատ համալսարանը կանգ չի առնում ձեռք բերածի վրա, այլ մշտապես կրթական գործընթացի, վերլուծական, գիտական աշխատանքների կատարելագործման եւ տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնման գործընթացի մեջ է գտնվում։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ՄԳԻՄՕ-ի ղեկավարությանը, անձամբ Անատոլի Վասիլեւիչ Տորկունովին՝ ՄԳԻՄՕ-ի եւ ՀՀ ԱԳՆ-ին կից Դիվանագիտական դպրոցի արգասաբեր եւ արդյունավետ համագործակցության համար։

Ինձ վերապահված պատիվը՝ անցյալ տարվա ապրիլին ՄԳԻՄՕ-ի Պատվավոր դոկտորի կոչումը, նաեւ հարգանքի տուրք է  ՄԳԻՄՕ-ի բոլոր հայաստանցի շրջանավարտներին, որոնք միջազգային հարաբերություններում օգտագործել եւ օգտագործում են ինստիտուտում ստացած գիտելիքների հսկայական պաշարը։ Շփվելով ՄԳԻՄՕ-ի ներկայիս ուսանողների եւ ասպիրանտների հետ՝ ես համոզվում եմ, որ մեր ինստիտուտն ունի ապագա, որը պակաս փառավոր չէ, քան նրա պատմությունը։

ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների եղբայրությունը հսկայական պոտենցիալ է եւ մեծ ուժ։ Բայց ոչ նրա համար, որպեսզի շուռ տանք աշխարհը, այլ որպեսզի այն դարձնենք ավելի ներդաշնակ, հուսալի եւ անվտանգ ապագա սերունդների համար։ Վստահ եմ, որ հենց դրան են նվիրված լինելու մեր այսօրվա քննարկումները։

Մեր համաժողովը լավ հնարավորություն է միջազգային հարաբերությունների արդիական հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։ Պատահական չէ, որ համաժողովի թեմատիկ հիմքերից մեկը նվիրված է Մերձավոր Արեւելքի անկայուն իրավիճակին, արաբա-իսրայելյան հակամարտության կարգավորմանը, այդ տարածաշրջանից փախստականների հոսքին եւ ահաբեկչության աննախադեպ աճին, որն այսօր մարտահրավեր է նետում քաղաքակիրթ մարդկությանը։

Մերձավոր Արեւելքի գրեթե բոլոր երկրներում հայեր են ապրում, որոնք տարածաշրջանում ապրող ազգերի բազմաէթնիկ, բազմակրոն խճանկարի անբաժանելի մասն են եւ բոլորի նման կրում են ծայրաստիճան լարված իրադրության ողջ ծանրությունը։ Միայն Սիրիայից Հայաստանն ընդունել է 17 հազար փախստականի։ Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների, ազգային փոքրամասնությունների վիճակը մեր մշտական մտահոգության առարկան է մնում։

Մյուս  կարեւոր թեման նվիրված է Իրանին, միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո բացվող հեռանկարներին։ Այդ համաձայնագիրը կարեւոր է ոչ միայն կայունության եւ անվտանգության ամրապնդման համար, այլ նաեւ ճանապարհ է հարթում տարածաշրջանային եւ միջազգային փոխշահավետ համագործակցության համար։ Կցանկանայի նշել, որ այսօր մենք իրանցի մեր գործընկերների հետ աշխատում ենք մի շարք հեռանկարային  հարցերի շուրջ։ Իրանի ավելի ակտիվ միջազգային տնտեսական ներգրավվածությունը կարող է էապես մեծացնել ողջ տարածաշրջանի տնտեսական գրավչությունը։

Միջազգային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները գտնվում են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Այսօր աշխարհում կա մոտ 20 տնտեսական միավորում։ Շատ մասնագետներ ասում են, որ պարզելու համար, թե որքանով է այս կամ այն երկիրը շահում կոնկրետ տնտեսական միության անդամակցելուց, անհրաժեշտ է պարզել, թե լրացուցիչ տնտեսական հնարավորությունների առումով ինչ կկորցներ նա, եթե չդառնար այդ միության անդամը։

Այս տարվա սկզբից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցել է նաեւ Հայաստանը։ Մենք կարծում ենք, որ ԵՏՄ հիմքում դրված 4 ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի տեղափոխությունը, լրացուցիչ խթան են անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար։ 21-րդ դարի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների եւ տնտեսական դիվանագիտությանը համաժողովի առանձին բանավեճային դրվագ է նվիրված։

Համաշխարհային հարցերից, տնտեսական գործընթացներից խոսելիս անհնար է շրջանցել այն առանցքային դերը, որը խաղում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Հայ-չինական հարաբերություններն այսօր բարձր մակարդակի վրա են գտնվում։ Մեր երկկողմ կապերին լրջագույն խթան տրվեց այս տարվա գարնանը ՀՀ  նախագահի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ, որի շրջանակներում ստորագրվել էին ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, քննարկվել էր մեր տարածաշրջանի տնտեսական նախագծերում Չինաստանի հնարավոր մասնակցության հնարավորությունը։

Հայաստանը պատմականորեն եղել է հնագույն Մետաքսի ճանապարհի կարեւորագույն օղակներից մեկը։ Հայ վաճառականները ակտիվորեն մասնակցում էին Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ առեւտրական հարաբերություններին։ Մետաքսի ճանապարհի Տնտեսական գոտու նոր նախագծում Հայաստանն անխոս կարող է իր լուման ներդնել։ Այդ հարցերին է նվիրված «Չինաստանի տնտեսությունը փոխհարաբերությունների համաշխարհային համակարգում։ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին» թեմատիկ դրվագը։

Հարգելի՛ ընկերներ,

Հուսամ, որ համաժողովի մասնակիցները, քննարկումներից, գործնական հանդիպումներից բացի, հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնել մեր ժողովրդի քաղաքակրթության հնագույն մշակութային ժառանգությունը, ճարտարապետության հուշարձանները, կհամտեսեն հայկական խոհանոցի ճաշատեսակները եւ կզգան մեր ժողովրդի հյուրընկալ հոգին։ Ես կարծում եմ, որ պատահական չէ, որ մեզ մոտ ասում են. «Հյուրն Աստծունն է»։