Քաղաքական դաշտում սահմանադրական փոփոխությունների քարոզչությունն իրականացնելը սխալ է, դա պետք է կատարվի մասնագիտական դաշտում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` նշելով, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ժողովրդավարական առումով առաջընթաց է եւ ամեն  բարեփոխում պետք է հենց Սահմանադրությունից սկսել:

«Այսօր եւ մեր պետության, եւ իշխանության, եւ ընդդիմության առջեւ ծառացած առաջնահերթ խնդիրն այն է` ունակ լինել կրել սահմանադրական փոփոխությունները: Երբ ձեւավորվում են «Այո »-ի եւ «Ոչ»-ի ճակատներ, ոչ ճիշտ որոշում է այդ քարոզչությունն իրականացնել քաղաքական դաշտի մեջ, դրանք պետք է լինեն խիստ մասնագիտական, քանի որ սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցը շատ նուրբ խնդիր է երկրի համար: Սահմանադրական փոփոխությունների համար պետք է մեր ուղեղի աշխատանքը փոխել առաջին հերթին»,- ասաց Վարդան Այվազյանը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ, ընդհակառակը, դեմ արտահայտվեց սահմանադրական փոփոխությունների նախագծին եւ նշեց, որ Հայաստանի իշխանությունը ոչ լեգիտիմ է, իսկ ոչ լեգիտիմ իշխանությունները չեն կարող իրականացնել սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծ:

«Չեմ կարող որակավորել, որ սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են, հակառակը` մարդու իրավունքները սահմանափակվում են նոր սահմանադրությամբ: Օրինակ` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը, որից էլ բխում են մարդու մյուս իրավունքները»,- ասաց Անդրեաս Ղուկասյանը` նշելով, որ  Հայաստանում իշխանությունը յուրացված է եւ սահմանադրական փոփոխություններն էլ իրականացվում են հենց այդ իշխանությունների կողմից.«Հապճեպ, շատ խղճուկ ձեւով արված որոշում է»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է: