Անհրաժեշտ է ժողովրդին ոտքի հանել, որպեսզի դեմ քվեարկեն Սահմանադրության փոփոխությունների նախագծին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` նշելով, որ ընդդիմությունը ժողովրդին ոտքի հանելուց բացի այլ լծակ չունի:

«Մենք փորձելու ենք գյուղերում հանդիպումներ անցկացնել: Այսօրվանից արդեն սկսել ենք մարզերում քարոզարշավը: Երբ մարդկանց բացատրում ես, հասկանում են, բոլորն էլ գիտեն, որ սա Սերժ Սարգսյանի պրոյեկտն է իր կյանքը երկարացնելու համար: Կարծում եմ, որ կհասնենք հաջողության: Թող ժողովուրդը մասնակցի հանրաքվեին եւ «ոչ» ասի»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այս պահին արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերներ ունի եւ նման պարագայում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկար:

«Այս պահին Հայաստանը կառավարման փոփոխության անհրաժեշտություն չուներ, ո՞վ է ասել, որ Սաշիկ Սարգսյանը նոր փոփոխությամբ արդար աշխատելու է, այդպիսի երաշխիք կա՞: Մեր երկիրը պատերազմական իրավիճակում չի կարող անցնել խորհրդարանական համակարգի, երկիրը քարուքանդ է լինելու: Այս պահին մեր թիվ մեկ խնդիրն արտագաղթն է, այնպիսի սոցիալական ու տնտեսական վիճակում է գտնվում Հայաստանը, որ այս պրոցեսն ուղղակի ավելորդ է, եթե այսպես շարունակվի ոչ նոր, ոչ հին սահմանադրությունը ոչ ոքի պետք չի լինելու, քանի որ երկիրը սպառվել է»,- ասաց նա: 

Արամ Մանուկյանի խոսքով՝ Վրաստանը, որը դեմոկրատիայի առումով Հայաստանից զարգացած է, իր խորհրդարանական համակարգի ձեռքը «կրակն է ընկել»: Նա կարծում է՝ Հայաստանում էլ է նույն իրավիճակը ստեղծվելու, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնի: Նրա խոսքով՝ իշխանությունը միշտ պնդում է, որ այդ փոփոխությունները պետության, ազգի համար են արվում, սական դրանք միայն իշխանությանն են անհրաժեշտ:

«Ասում են՝ ընդդիմության համար շատ հարմար են փոփոխությունները: Տո ձեր ի՞նչ գործն է, ես չգիտե՞մ՝ ինձ ինչ է պետք, ձեզ լինի ձեր նոր սահամանդրությունն էլ, դուք էլ: Սերժ Սարգսյանին ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, կարող է՝ էդ մարդը մտածում է, որ ինքը լավ է կառավարում, բայց նա չէր կարող իրեն լավ զգալ, եթե էս քծնողների բանակը չլիներ, որոնք շարք են կանգնում նրա հետ նկարվելու համար»,- ասաց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին: Հանրաքվեի քարոզարշավը հոկտեմբերի 10-ից սկսվել է: