Շատ կարեւոր է, որ մարդիկ տեղյակ լինեն եւ պատկերացնեն, թե ինչ փոփոխություններ է բերելու նոր Սահմանադրությունը իրենց կյանք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով քննարկման շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ հավելելով, որ կարեւոր է նաեւ, որ բոլոր կողմերը հնարավորություն ունենան օգտվել հեռարձակվող հեռուստաընկերություններից:

Ինքը՝ ԱՄՆ դեսպանը չցանկացավ իր դիրքորոշումը հայտնել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, քանի որ որպես ԱՄՆ ներկայացուցիչ իր տեսակետը տեղին չի լինի։

Դեսպանի խոսքով ինքն ուշադիր հետեւում է սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումներին, ծանոթացել է նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կողմից տրված գնահատականներին: Նա կարեւոր է համարել, որ երկրի քաղաքացիները ոչ միայն ծանոթանան նախագծին, այլեւ մասնակցեն բանավեճերին, որպեսզի կարողանան ընտրություն կատարել: