Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը վաղը՝ հոկտեմբերի 24-ին որոշում կկայացնի 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի վաղակետ ազատման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանի ընկեր, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանը:
«Նախորդ անգամ այդ հանձնաժողովը ոչինչ չարեց: Հանձնաժովից միայն մեկ հոգի էր այցելել Վոլոդյա Ավետիսյանին, մեկ-երկու հարց տվել ընդամենը, 3 րոպե էր տեւել հանդիպումը: Այս անգամ վաղաժամ ազատման հանձնաժողովի անդամները մի քանի հոգով էին գնացել, մի փոքր ավելի երկար էին զրուցել Վոլոդյա Ավետիսյանի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ, ինքը կարծում է, որ հանձնաժողովի անդամների այցը ձեւական է, քանի որ որոշում կայացնողը ոչ թե իրենք են, այլ իշխանությունները:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նույն հանձնաժողովը մերժել էր Վոլոդյա Ավետիսյանին վաղակետ ազատելու հայցը:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Լեոնիդ Ազգալդյանի աջ ձեռքը, ունի 6 զավակ, որոնցից 3-ն անչափահաս են, ընտանիքն էլ ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:





























