Ռումինիան կարող է մասնակցել Հայաստանի տրանսպորտային ծրագրերում: Այս մասին նշվել է հոկտեմբերի 21-ին, Բուխարեստում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման ժամանակ:

Կազմակերպությունում Ռումինիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ՍԾՏՀ անդամ երկրների պատվիրակությունները, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում ընդգծել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը կազմակերպության գործունեության արդյունավետությունը բարելավելու գործում, ՀՀ աջակցությունը Սեւծովյան տարածաշրջանում, մասնավորապես, տրանսպորտի ոլորտում տնտեսական համագործակցության խթանմանը, եւ կազմակերպության նախանշած նպատակների իրականացմանը:

Այնուհետեւ նախարարը անդրադարձավ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական նախագծերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը կկապի Սեւծովյան տարածաշրջանային երկրները Իրանի եւ Արեւելյան Ասիայի երկրների հետ:

Գագիկ Բեգլարյանը, անդրադարձավ նաեւ Հայաստանի հարավային՝ Հայաստան-Իրան երկաթուղու, որպես Հյուսիս-հարավ երկաթգծի ամենակարճ եւ հուսալի կապի,  կառուցման նախագծին:

Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի եւ Ռումինիայի տրանսպորտի նախարարների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության մի շարք հարցեր:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը, որպես Հայ-Ռումինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռումինիայի տրանսպորտի նախարար Յուլիան Մատակեի հետ քննարկեց Բուխարեստում միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի եւ զուգահեռ գործարար համաժողովի անցկացման ժամկետները:

Քննարկվել են նաեւ Հայաստանի տրանսպորտային ծրագրերում Ռումինիայի մասնակցության հնարավորությունները: